Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՎայոց ձորի մարզ

ՍԻՐԵԿԱՆ.«ՄԵԾԱՆԱՄ, ԴԱՏԱՎՈՐ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»

Սիրեկան Աբրահամյանը Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղից է, այս տարի փոխադրվել է  11-րդ դասարան: Նա շատ բազմազբաղ առօրյա ունի եւ բազում հետաքրքրություններ. «Սիրում եմ հայոց լեզու, գրականություն առարկաները, օտար լեզուներ՝ նույնպես, ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով, հաճախում եմ կարատեի խմբակի: Կարծում եմ՝ տղամարդիկ պետք է ուժեղ լինեն, որովհետեւ կանանց կողքին ուժեղ տղամարդիկ են պետք: Ես կարատեից մոտ տասը մեդալ ունեմ, չորս մրցաշարերում առաջին տեղ եմ զբաղեցրել: Որոշել եմ ապագայում դատավոր դառնալ, դրա համար ցանկանում եմ ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ»:

Սիրեկանը գիտի, որ Ֆրանսիական համալսարանում ուսանելու ընթացքը դժվար է լինելու, բայց վստահ է, որ արդյունքը լավ կլինի: Մանկուց է երազել դատավոր դառնալ, երբ ֆիլմերից կամ հաղորդումներից տեսել է, թե ինչպես են նրանք դատեր վարում. «Միշտ մտածել եմ, որ դատավորի գործը իսկական տղամարդու գործ է: Ուզում եմ օրենքը պաշտպանել, կարծում եմ, որ օրենքը խախտողներին պետք է պատժել: Ասում են՝ դատավորներից ոմանք կաշառք են վերցնում, բայց ես անաչառ դատավոր եմ լինելու»:

Սիրեկանի համար իր Խաչիկ գյուղը շատ սիրելի է, քանի որ յուրահատուկ է. «Մեր գյուղը երեք կողմից շրջապատված է Ադրբեջանով՝ Նախիջեւանով, եւ միայն մի կողմից՝ Հայաստանն է: Բայց մեր զինվորները միշտ զգոն են եւ հսկում են սահմանը»:

Սիրեկանը երազում է նաեւ շրջագայելու մասին, արդեն իսկ հասցրել է լինել Գերմանիայում, ուր բնակվում է իր մեծ քույրերից մեկը, եւ Ավստրիայում, ուզում է տեսնել նաեւ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Դեմ չէ տեսնել նաեւ Բաքուն, քան որ «կոնֆլիկտ ունեցող երկրներն իրար պետք է ավելի լավ ճանաչեն»:

Սովորելուց, կարատեից եւ շրջագայելուց բացի՝ Սիրեկանն այլ զբաղմունք էլ ունի. «Մեկ տարի է, ինչ ճագարաբուծությամբ եմ զբաղվում, վերջին երեք ամիսներին հաճախում եմ ճագարաբուծության եւ մեղվապահության դասաընթացների:

Մի անգամ կազմակերպվեց սեմինար, որպեսզի տեսնեինք, թե ով ինչ է սովորել ճագարաբուծության դասընթացներից: Ես ինձ հետ տարել էի մի ճագար, որը աճուրդի դրեցինք: Նախնական գինը 7000 դրամ էր, սակայն ես ճագարս վաճառեցի  25000 դրամով: Իմ ճագարները ամիսը մեկ կարող են ձագեր ունենալ, ճագարաբուծությունը օգտակար բիզնես է, որովհետեւ քիչ աշխատանք է պահանջում, ճագարի միսն էլ շատ որակյալ սնունդ է, տոկոսով մարսվում է: Ճագարներին հիմնականում կենդանի եմ վաճառում, որովհետեւ ինձ համար դժվար է նրանց մորթելը»:

Սիրեկանի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Լեւոն Ֆլջյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար