Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ՈՍԿԵՊԱՐ ԳՅՈՒՂՏավուշի մարզ

ԱՐԳԱՄ. «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՏՀԱՃ ԵՐԵՒՈՒՅԹ ԵՆ, ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴ ԶՈՀՎԵՑ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է բնակվում 15-ամյա Արգամ Ալիբեկյանը: Ոսկեպարը սահմանակից է Ադրբեջանին, որտեղից հաճախ են կրակոցներ լսվում: Դպրոցում հատուկ թաքստոց կա՝ կրակոցներից պատսպարվելու համար:

Արգամը դպրոցում ազգագրական պարերի խմբակ է հաճախում, ինչպես նաեւ՝ ռոբոտաշինությամբ է զբաղվում. «Ռոբոտաշինության խմբակով շատ մրցույթների ենք մասնակցել, վերջինը «Դե՛ անիմացրու» մրցույթն էր, որտեղից երկու տարի է մրցանակ ենք շահում»:

«Երազում եմ ծրագրավորող դառնալ, որովհետեւ համ փողոտ գործ է, համ էլ կարեւոր մասնագիտություն է: Եթե հետագայում իմ աշխատանքով կարողանամ ինչ-որ բանով օգնել մեր գյուղին, անպայման կօգնեմ, ամեն կերպ պիտի փորձեմ, որ գյուղի համար մի կարեւոր բան անեմ»:

Ոսկեպարի դպրոցում սպորտդահլիճ կա, բայց անխնամ վիճակում է, պատերը փլվում են, մարզագույքն էլ վատ վիճակում է, սակայն, ինչպես ասում է Արգամը. «Ոչինչ, կարեւորը խաղաղություն լինի, դա էլ է մեզ բավարարվում»:

Արգամը սիրում է իր գյուղը. «Ոսկեպարը պատվավոր գյուղ է, որովհետեւ հայ-ադրբեջանական սահմանն ամուր է պահում: Մեր գյուղում գեղեցիկ անկյուններ կան, պատմամշակութային հուշարձաններ: Իսկ Ոսկեպար գետն ուղղակի չքնաղ է, նույնն էլ՝ Ոսկեպարի լեռնաշղթան»:

Սակայն ամենից ավելի Արգամը խաղաղությունն է սիրում. «Մենք երեխաներս, ինչ ազգից էլ լինենք, մեղավոր չենք, որ կրակում են, մենք չենք պատերազմողը, մենք երեխաներով թշնամիներ չենք, բայց հնարավոր է, ինչ-որ պահի սահմանին կանգնած իրար դեմ կռվենք՝ մեր հայրենիքը պաշտպանելիս: Ապրիլյանի ժամանակ այդքան զոհեր եղան թե՛ մեր կողմից, թե՛ հակառակորդի: Շատ տխուր է, որ այդքան մարդ պակասեց աշխարհի երեսից՝ պատերազմի պատճառով»:

Արգամի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Լիլիթ Մանարյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար