Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔՍյունիքի մարզ

ԱՐԹՈՒՐ. «ՇԱԽՄԱՏԸ ԽԵԼԱՑԻՆԵՐԻ ԽԱՂ Է»

13-ամյա Արթուրն ապրում է սահմանամերձ Ագարակում: Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը Հայաստանի ամենահարավային քաղաքն է, սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Նախիջեւանին:

Արթուրն արդեն 7 տարի է՝ զբաղվում է շախմատով. «10  տարեկանում շախմատի մրցույթում 4-րդ տեղ եմ զբաղեցրել, 12 տարեկանում դարձել եմ Սյունիքի չեմպիոն իմ տարեկիցների մեջ: Այս տարի էլ մարզային օլիմպիադայում զբաղեցրի առաջին հորիզոնականը»:

Արթուրն ասում է, որ սիրում է շախմատ խաղալ, քանի որ շախմատը խելացիների խաղ է: Նախընտրում է խաղալ սպիտակներով. «Ինձ շախմատ սովորեցրել է հայրս, նա նաեւ իմ շախմատի ուսուցիչն է: Մեր ընտանիքում բոլորն են շախմատ խաղում: Մեծ եղբայրս էլ բազմաթիվ շախմատային նվաճումներ ունի, նա չեմպիոն է»:

Շախմատն Արթուրի միակ նախընտրությունը չէ, նա նաեւ ֆուտբոլ է սիրում խաղալ, իսկ դպրոցական առարկաներից սիրում է ֆիզիկան եւ պատմությունը. «Եթե շախմատը չլիներ, լավ մաթեմատիկա էլ չէի իմանա, ոչ էլ ֆիզիկա: Երբ կյանքում ինչ-որ բան եմ պլանավորում, շախմատային քայլերով եմ առաջ գնում: Շախմատային ֆիգուրներից ամենաշատը թագուհուն եմ սիրում, որովհետեւ այն բազմաֆունկցիոնալ է, ի տարբերություն թագավորի, իսկ զինվորներին սիրում եմ վերջնախաղում»:

Արթուրն այլ մասնագիտություն ընտրել չի ցանկանում է, որոշել է դառնալ հայտնի շախմատիստ. «Երազում եմ Հայաստանում հնգյակ մտնել եւ հաղթել օլիմիպադայում: Որպես շախմատիստ ցանկանում եմ մեկնել Գերմանիա: Իմ կուռքը Ռոբերտ Ֆիշերն է, իսկ հայ շախմատիստներից՝ Տիգրան Պետրոսյանը»:

Որքան էլ տարօրինակ է, Արթուրը, համենայնդեպս իր պնդմամբ՝ պարտությունը երբեք ցավագին չի տանում, այլ մտածում է, որ հաջորդ անգամ էլ ինքը կհաղթի: Իսկ երբ հայտնի շախմատիստ դառնա, իրականացնելու է իր երազանքը. «Շատ գումար կվաստակեմ եւ անպայման Ագարակում եկեղեցի կկառուցեմ, որովհետեւ մենք եկեղեցի չունենք: Ագարակը սահմանակից է Իրանին, որտեղ նույնպես լավ շախմատիստներ կան, կուզեմ երբեւէ իրանցիների հետ եւս շախմատ խաղալ»:

Արթուրը նաեւ լավ զավակ է, օգնում է տնեցիների՝ տան գործերում. «Հայրիկիս հետ այգում աշխատում ենք, տան վերանորոգման, շինարարական աշխատանքներին եմ մասնակցում, նաեւ մեր այգու մրգերն եմ հավաքում: Ընդհանրապես մեր կողմերի միրգը շատ անուշահամ է, այստեղ մրգերն ամենաշուտն են հասնում»:

Արթուրի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Ելենա Ներսեսյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար