12-ամյա Աստղիկն ապրում Շիրակի մարզի Երազգավորս գյուղում, որը սահմանակից է Թուրքիային: Գյուղից պարզ երեւում են թուրքական բնակավայրերը եւ աշտարակի վրայի թուրքական դրոշը: Աստղիկն ասում է, որ չի վախենա եւ երբեւէ կգնա Թուրքիա. «Իրենք էլ ինձ նման մարդիկ են: Ուզում եմ տեսնել՝ այնտեղ հայ ապրում է, թե՞ չէ: Մի օր գնալու եմ: Մեծերն ասում եմ, որ այն կողմում ժամանակին հայկական գյուղեր են եղել, ասում են՝ այնտեղ գուցե կրոնափոխ հայեր կան»:
Աստղիկը լավ գիտի իր գյուղի պատմությունը. «Երազգավորսը Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքն է եղել: Ես հպարտանում եմ իմ գյուղով: Աշոտ Երկաթի ժամանակներից է հայտնի: Մեր գյուղում ամենաբարի, ամենալավ մարդիկ են ապրում, ում տուն գնում ես, քեզ սիրով ներս են հրավիրում: Երազգավորսն աշխարհի ամենահյուրընկալ գյուղն է»:
Աստղիկը երազում է թարգմանչուհի դառնալ, շրջել աշխարհով մեկ ու պատմել Հայաստանի մասին: Իսկ դրան հասնելու համար նա լավ է սովորում, հատկապես ռուսերենի ու անգլերենի դասերն է սիրում: Նա նաեւ գեղեցիկ նկարում է. « Օրինակ, նկարել եմ հայկական բերդը, որ հիմա ավերված է ու սահմանից այն կողմ է գտնվում: Դա իմ ամենասիրուն նկարն է»:

Դպրոցից վերադառնալուց հետո Աստղիկը դասերն է պատրաստում, ապա սկայպով զրուցում է ծնողների հետ, պատմում իր գնահատականների մասին: Նրանք ապրում են Կրասնոդարում, այնտեղ է հայրն աշխատանք գտել. «Հիմա ես ապրում եմ տատիկիս, պապիկիս ու քույրիկիս հետ; Ցավոք, ծնողներս փոքր եղբորս հետ Կրասնոդարում են ապրում: Ամռանը ես էլ եմ իրենց մոտ գնալու : Չեմ ուզում Հայաստանից գնալ, բայց ստիպված եմ, ախր շատ եմ կարոտել ծնողներիս, ուզում եմ իրենց միանալ, արդեն մեկ տարի է չեմ տեսել»:
Աստղիկի մասին պատմող պատկերապատումը
Պատկերապատումը` Անդրանիկ Ասատրյանի