Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԳՅՈՒՂՇիրակի մարզ

ԱՍՏՂԻԿ. «ՉԵՄ ՎԱԽԵՆԱ, ՄԻ ՕՐ ԳՆԱԼՈՒ ԵՄ ԹՈՒՐՔԻԱ»

12-ամյա Աստղիկն ապրում Շիրակի մարզի Երազգավորս գյուղում, որը սահմանակից է Թուրքիային: Գյուղից պարզ երեւում են թուրքական բնակավայրերը եւ աշտարակի վրայի թուրքական դրոշը: Աստղիկն ասում է, որ չի վախենա եւ երբեւէ կգնա Թուրքիա. «Իրենք էլ ինձ նման մարդիկ են: Ուզում եմ տեսնել՝ այնտեղ հայ ապրում է, թե՞ չէ: Մի օր գնալու եմ: Մեծերն ասում եմ, որ այն կողմում ժամանակին հայկական գյուղեր են եղել, ասում են՝ այնտեղ գուցե կրոնափոխ հայեր կան»:

Աստղիկը լավ գիտի իր գյուղի պատմությունը. «Երազգավորսը Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքն է եղել: Ես հպարտանում եմ իմ գյուղով: Աշոտ Երկաթի ժամանակներից է հայտնի: Մեր գյուղում ամենաբարի, ամենալավ մարդիկ են ապրում, ում տուն գնում ես, քեզ սիրով ներս են հրավիրում: Երազգավորսն աշխարհի ամենահյուրընկալ գյուղն է»:

Աստղիկը երազում է թարգմանչուհի դառնալ, շրջել աշխարհով մեկ ու պատմել Հայաստանի մասին: Իսկ դրան հասնելու համար նա լավ է սովորում, հատկապես ռուսերենի ու անգլերենի դասերն է սիրում: Նա նաեւ գեղեցիկ նկարում է. « Օրինակ, նկարել եմ հայկական բերդը, որ հիմա ավերված է ու սահմանից այն կողմ է գտնվում: Դա իմ ամենասիրուն նկարն է»:

Դպրոցից վերադառնալուց հետո Աստղիկը դասերն է պատրաստում, ապա սկայպով զրուցում է ծնողների հետ, պատմում իր գնահատականների մասին: Նրանք ապրում են Կրասնոդարում, այնտեղ է հայրն աշխատանք գտել. «Հիմա ես ապրում եմ տատիկիս, պապիկիս ու  քույրիկիս հետ; Ցավոք, ծնողներս փոքր եղբորս հետ Կրասնոդարում են ապրում: Ամռանը ես էլ եմ իրենց մոտ գնալու : Չեմ ուզում Հայաստանից գնալ, բայց ստիպված եմ, ախր շատ եմ կարոտել ծնողներիս, ուզում եմ իրենց միանալ, արդեն մեկ տարի է չեմ տեսել»:

Աստղիկի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Անդրանիկ Ասատրյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար