12- ամյա Սոկրատն ապրում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ գյուղում: Նա շատ շնորհալի տղա է, 7 տարեկանից շվի է նվագում, այժմ արդեն նաեւ դուդուկ եւ դհոլ. «Որոշել եմ, որ դպրոցն ավարտեմ, ընդունվեմ քոլեջ՝ ժողգործիքների բաժին, որպեսզի ուսումնասիրեմ ժողովրդական գործիքները: Փոքր ժամանակ նկարչական խմբակ եմ գնացել, սպորտով եմ զբաղվել, բայց ի վերջո հասկացել եմ, որ երաժշտությունն է իմը: Երազում եմ, որ իմ ծնողները, տատիկը, պապիկը, բարեկամներն ինձ հեռուստացույցով տեսնեն՝ արտասահամանում նվագելուց ու հպարտանան: Ուզում եմ, որ այդ երազանքս շուտ իրականանա: Ես չեմ մեծամտանում, որ դասատուս ինձ գովում է: Ես շատ համեստ եմ»:
Սոկրատը դուդուկով «Դլե Յաման» է կատարում, եւ ունկնդիրները հուզվում են նրա նվագից. «Մի քանի տարի առաջ Գյումրիում փառատոնի եմ մասնակցել՝ շվի եմ նվագել եւ երրորդ տեղը գրավել:
Շուտով էլ մեկնելու եմ Վրաստան՝ միջազգային փառատոնի մասնակցելու, փորձելու եմ առաջին տեղը գրավել»:
Սոկրատը շատ կուզեր, որ իր Ճամբարակում երաժշտական քոլեջ լիներ, այդ դեպքում ինքն էլ չէր հասնի Երեւան՝ ուսումը շարունակելու համար. « Ես իմ գյուղը սիրում եմ, ամեն մեկի համար իր գյուղը ամեն ինչից վեր է, ոչ մի տեղ ինձ այնքան երջանիկ չեմ զգա, ինչքան իմ գյուղում: Ես սիրում եմ մեր սարերը բարձրանալ ու այնտեղ շվի նվագել: Մենք սահմանամերձ ենք, գիտեմ, որ սահմանից այն կողմ Ադրբեջանն է, մեր սարերի հետեւում հայկական ու ադրբեջական «պոստեր» են»:
Սակայն Սոկրատի հոգում փշալարեր չկան. «Օրինակ, ինձ հետաքրքիր կլիներ այնտեղ ապրող մի երեխայի հետ դուետ նվագեի, ու երկուսով էլ ճանաչում ունենայինք, իրարից ինչ-որ բաներ սովորեինք… »:
Նա շատ երազանքներ ունի եւ գնում է իր երազանքների հետեւից. «Ուզում եմ կլառնետ ու զուռնա նվագել էլ սովորեմ, լավ երաժշտական գործիքներ ունենամ, հյուրախաղեր ունենամ Ռուսաստանում, Ամերիկայում, Վրաստանում… »: Բոլոր տոներից ամենաշատը Ամանորն է սիրում. « Նոր տարվա գիշերը բոլորը սարերին անվադողեր են այրում ու գիշերով սարերը լուսավորվում են: Շատ սիրուն է լինում, սալյուտի նման»:
Սոկրատի մասին պատմող պատկերապատումը
Պատկերապատումն` Աստղիկ Հարությունյանի