8-րդ դասարանցի Հովհաննիսյան Էլենը ապրում է սահմանի եզրին: Նա սովորում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում, գյուղը սահմանակից է Թուրքիային: Մարգարայի երեխաները ուսուցիչներին հաճախ են հարցնում, թե ինչու են սահմանները փակ, եւ ինչ փշալարեր են իրենց բաժանում:
«Ես մտածում եմ` ուրեմն գոյություն ունեմ»,- գրված է Էլենի դասասենյակի պատին, իսկ Էլենը շատ բաների մասին է մտածում: Օրինակ երազում է դառնալ ոստիկան, լեզվաբան ու մեկ էլ՝ պարուհի:
«Ոստիկան եմ ուզում դառնալ, որովհետեւ շատ եմ սիրում, երբ աղջիկները ոստիկանի հագուստ են հագնում, նաեւ, որ ոստիկանները պաշտպանում են մարդկանց իրավունքները; Ոստիկանները չեն թողնում, որ ուրիշ մարդիկ խախտեն մյուսների իրավունքները»,-ասում է փոքրիկ մարգարացին: Հավելում է, որ ուզում է դառնալ հատկապես ճանապարհային ոստիկան, բայց չի մոռանում նաեւ երկու այլ նախընտրությունների մասին:
«Ուզում եմ դառնալ լեզվաբան, որ լավ անգլերեն իմանամ, շատ եմ սիրում իմ անգլերենի դասերը: Քույրիկս էլ է օտար լեզուների ֆակուլտետն ավարտել ու հիմա մեծ հյուրանոցում է աշխատում: Համ էլ պարուհի եմ ուզում դառնալ, որ մեծանամ ու իմ սեփական պարի խմբակը ստեղծեմ: Գիտե՞ք՝ ես պարեր եմ բեմադրում»,- ոգեւորված պատմում է աղջիկը: Նաեւ ցույց է տալիս, թե ինչ գեղեցիկ կարող է պարել:
Էլենն իրենց գյուղն աշխարհի ամենաչքնաղ անկյունն է համարում, ասում է՝ գյուղի առանձնահատկությունը արագիլներն են՝ ամեն քայլափոխի հանդիպող իրենց բներով: Էլենը երբեք չի եղել Թուրքիայում, բայց հետեւյալ կարծիքին է. «Երբ Հայաստանում ցրտերն ընկնում են, արագիլները չվում են սահմանից այն կողմ՝ Թուրքիա, քանի որ այնտեղ ավելի տաք է»:
Իրենց գյուղը արտեզյան ջրհորներով էլ է հայտնի, բոլորն իրենց բակերում նման հորեր ունեն:
Էլենին հետաքրքրում է, թե ինչ կա փշալարերից այն կողմ: Քանիցս փորձել է ինքնուրույն պարզել, մի անգամ երկու ընկերուհիներով են գնացել, մի անգամ էլ՝ երեքով: «Կա մի լճանման տեղ, որը կոչվում ա Չայլաղ, փոքրիկ արահետի նման տեղ է, որտեղ քայլելով գնում ես, ու փշալարերն են, հետո սահմանն է դեպի Թուրքիա: Մեր տնից հեռու չի, մի քանի անգամ ընկերուհիներիս հետ գնացել եմ, որ տեսնեմ, թե ինչ է երեւում…Համարյա բան չեմ տեսել:
Գյուղում մի հատ ռուսական բանակ ունենք, մի հատ էլ հայկական: Օրինակ մի անգամ մայիսի իննին՝ բաց դռների օրը, գնացել ենք ռուսական բանակ, բարձրացել ենք էն բարձր շինության վրա, որ կարողանանք նայել Թուրքիային: Ճանապարհին հին քանդված տներ ենք տեսել: Գիտեմ, որ մեզ ամենամոտ գտնվող քաղաքը Թուրքիայում Իգդիրն է, ես հեռուստացույցով եմ լսել Իգդիրի մասին»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում էչգիտի, թե ինչպիսի երեխաներ են այնտեղ ապրում, բայց իրեն դա հետաքրքիր է՝ կուզենար հետները ծանոթանալ:
Էլենը շատ է պարապում, բայց խաղալու կարիք էլ ունի, սակայն գյուղում խաղահրապարակ չունեն, երազում է, որ մի օր խաղահրապարակ կկառուցվի, կարուսելանման մի բան կա, որ իր պապիկն է սարքել: Երբեմն նստում է ու պտտվում: Պտտվելուց երազում է: «Ունենք Ժամի բակ,որտեղ խաղում ենք, անունը Ժամի բակ է, բայց մենք Ժամի հայաթ ենք ասում: Երեխաները չիփս ու քաղցրավենիք են վերցնում, գալիս են այդտեղ խաղալու: Էդ ժամն էլ է պապիկս կառուցել: Մենք մեծ եկեղեցի չունենք, երբ մարդիկ ամուսնանում են, մեծ եկեղեցիներ են գնում պսակվելու»,- նշում է փոքրիկը:
Էլենն աղավնիներ ունի, ամեն օր կուտ է տալիս նրանց ու թռցնում, ասում է՝ աղավնիները սպասում են իրեն, որ դպրոցից վերադառնա, գիտեն իր գալու ժամը; Շանն էլ է սիրում՝ Էվային, բայց նրա խոսքով շունն «իր հետ չունի», չի սիրում իր հետ սելֆի անել:
Էլենի մասին պատմող պատկերապատումը
Պատկերապատումը` Տիգրան Մանգասարյանի