Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ՄԱՐԳԱՐԱ ԳՅՈՒՂԱրմավիրի մարզ

ԷԼԵՆ. «ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑՐՏԵՐՆ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ, ԱՐԱԳԻԼՆԵՐԸ ՉՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ»

8-րդ դասարանցի Հովհաննիսյան Էլենը ապրում է սահմանի եզրին: Նա սովորում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում, գյուղը սահմանակից է Թուրքիային: Մարգարայի երեխաները ուսուցիչներին հաճախ են հարցնում, թե ինչու են սահմանները փակ, եւ ինչ փշալարեր են իրենց բաժանում:

«Ես մտածում եմ` ուրեմն գոյություն ունեմ»,- գրված է Էլենի դասասենյակի պատին, իսկ Էլենը  շատ բաների մասին է մտածում: Օրինակ երազում է դառնալ ոստիկան, լեզվաբան ու մեկ էլ՝ պարուհի:

«Ոստիկան եմ ուզում դառնալ, որովհետեւ շատ եմ սիրում, երբ աղջիկները ոստիկանի հագուստ են հագնում, նաեւ, որ ոստիկանները պաշտպանում են մարդկանց իրավունքները; Ոստիկանները  չեն թողնում, որ ուրիշ մարդիկ խախտեն մյուսների իրավունքները»,-ասում է փոքրիկ մարգարացին: Հավելում է, որ ուզում է դառնալ հատկապես ճանապարհային ոստիկան, բայց չի մոռանում նաեւ երկու այլ նախընտրությունների մասին:

«Ուզում եմ դառնալ լեզվաբան, որ լավ անգլերեն իմանամ, շատ եմ սիրում իմ անգլերենի դասերը: Քույրիկս էլ է  օտար լեզուների ֆակուլտետն ավարտել ու հիմա մեծ հյուրանոցում է աշխատում: Համ էլ  պարուհի եմ ուզում դառնալ, որ մեծանամ ու իմ սեփական պարի խմբակը ստեղծեմ: Գիտե՞ք՝  ես պարեր եմ բեմադրում»,- ոգեւորված պատմում է աղջիկը: Նաեւ ցույց է տալիս, թե ինչ գեղեցիկ կարող է պարել:

Էլենն իրենց գյուղն աշխարհի ամենաչքնաղ անկյունն է համարում, ասում է՝ գյուղի առանձնահատկությունը արագիլներն են՝ ամեն քայլափոխի հանդիպող իրենց բներով: Էլենը երբեք չի եղել Թուրքիայում, բայց հետեւյալ կարծիքին է. «Երբ Հայաստանում ցրտերն ընկնում են, արագիլները չվում են սահմանից այն կողմ՝ Թուրքիա, քանի որ այնտեղ ավելի տաք է»:

Իրենց գյուղը արտեզյան ջրհորներով էլ է հայտնի, բոլորն իրենց բակերում նման հորեր ունեն:

Էլենին հետաքրքրում է, թե ինչ կա փշալարերից այն կողմ: Քանիցս փորձել է ինքնուրույն պարզել, մի անգամ երկու ընկերուհիներով են գնացել, մի անգամ էլ՝ երեքով: «Կա մի լճանման տեղ, որը կոչվում ա Չայլաղ, փոքրիկ արահետի նման  տեղ է, որտեղ քայլելով գնում ես, ու փշալարերն են, հետո սահմանն է դեպի Թուրքիա: Մեր տնից հեռու չի, մի քանի անգամ ընկերուհիներիս հետ գնացել եմ, որ տեսնեմ, թե ինչ է երեւում…Համարյա բան չեմ տեսել:

Գյուղում մի հատ ռուսական բանակ ունենք, մի հատ էլ հայկական: Օրինակ մի անգամ  մայիսի իննին՝ բաց դռների օրը, գնացել ենք ռուսական բանակ, բարձրացել ենք էն բարձր շինության վրա, որ կարողանանք նայել Թուրքիային: Ճանապարհին հին քանդված տներ ենք տեսել: Գիտեմ, որ մեզ ամենամոտ գտնվող քաղաքը  Թուրքիայում Իգդիրն է, ես հեռուստացույցով եմ լսել Իգդիրի մասին»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում էչգիտի, թե ինչպիսի երեխաներ են այնտեղ ապրում, բայց իրեն դա հետաքրքիր է՝ կուզենար հետները ծանոթանալ:

Էլենը  շատ է պարապում, բայց խաղալու կարիք էլ ունի, սակայն գյուղում խաղահրապարակ չունեն, երազում է, որ մի օր խաղահրապարակ կկառուցվի, կարուսելանման մի բան կա, որ իր պապիկն է սարքել: Երբեմն նստում է ու պտտվում: Պտտվելուց երազում է:  «Ունենք Ժամի բակ,որտեղ խաղում ենք, անունը Ժամի բակ է, բայց մենք Ժամի հայաթ ենք ասում: Երեխաները չիփս ու քաղցրավենիք են վերցնում, գալիս են այդտեղ խաղալու: Էդ ժամն էլ է պապիկս կառուցել: Մենք մեծ եկեղեցի չունենք, երբ մարդիկ ամուսնանում են, մեծ եկեղեցիներ են գնում պսակվելու»,- նշում է փոքրիկը:

Էլենն աղավնիներ ունի, ամեն օր կուտ է տալիս նրանց ու թռցնում, ասում է՝ աղավնիները սպասում են իրեն, որ դպրոցից վերադառնա, գիտեն իր  գալու ժամը; Շանն էլ է սիրում՝ Էվային, բայց նրա խոսքով շունն «իր հետ չունի», չի սիրում իր հետ սելֆի անել:

Էլենի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Տիգրան Մանգասարյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար