Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

Կյանքը սահմանի եզրին

Life on the edge of the border

ԵՐԱՍԽ ԳՅՈՒՂԱրարատի մարզ

ԱՐԱՄԻԿ. «ՏՐԱԿՏՈՐ ՔԱՆԴՈՂ – ՀԱՎԱՔՈՂ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ»

Արարատի մարզի Երասխ սահմանամերձ գյուղում է բնակվում 5-րդ դասարանցի Արամիկը: Ինչ արձակուրդները սկսել են, Արամիկն ու ընկերները հեծանիվներից չեն իջնում:

Երասխում սահմանապահներ կան եւ զինվորականներ, եւ Արամիկն ասում է, որ իրեն շատ ապահով է զգում, քանի որ զինվորները պաշտպանում են հայրենիքը. «Իմ ընկերներից մեկն իր հոպարի հետ գնացել ա սահման, բայց զինվորները չեն թողել առաջ գնա, ասել են՝ չի կարելի: Սահմանից էն կողմ ադրբեջանցիներն են ապրում: Մեծանամ, ես էլ պետք ա բանակ գնամ, ես էլ եմ հայրենիքս պաշտպանելու»:

Արամիկն ամեն օր Արամեի ու Արսենի հետ հեծանիվ է քշում գյուղում, մրցում են, թե ով ավելի արագ կքշի. «Ափսոս մեր գյուղի փողոցները քարուքանդ են, բայց քշում ենք, հավես ա»:

10-ամյա տղան որոշել է. «Որ մեծանամ տրակտորիստ եմ դառնալու, դա շատ հեշտ ա…Մեր հարեւան Գեւորգ ձյաձյան էլ ա տրակտորիստ, իր նման եմ դառնալու: Տրակտոր կա, որ դռդռում ա, տրակտոր կա, չի դռդռում…Ես հավանում եմ տրակտորները: »

«Լեգոներով էլ եմ տրակտոր,կոմբայն ու մարդ հավաքում, էլի լիքը բաներ: Կուզեմ իսկական տրակտոր քանդեմ հավաքեմ, բայց հիմա մենակ իմ հեծանիվը կարող եմ քանդել, անիվները փչել: Իմ երկու ընկերներներն էլ որոշել են ավտո քանդող դառնալ, որ գյուղի բոլոր ավտոները սարքեն»:

Արամիկը նաեւ բռնցքամարտ է պարապում. «Ես արդեն երկու մեդալ ունեմ, բոքսի մրցումներում հաղթել եմ, մեծանամ՝ համ էլ  բոքսի չեմպիոն եմ դառնալու, ուժեղ մարդ, որ ով իրեն խելոք չպահի, պատժեմ, մեկ էլ թույլերին  եմ պաշտպանելու»:

Չեմպիոնությունը նրա միակ երազանքը չէ. «Ես շատ երազանքներ ունեմ; Ուզում եմ ճամփորդել, գնալ Ռուսաստան, Հնդկաստան, Պակիստան, Պարսկաստան, Թուրքիա, այդ երկրների մասին հեռուստացույցով եմ լսել, գնամ տեսնեմ՝ մարդիկ ոնց են ապրում ուրիշ երկրներում: Մեկ էլ, որ մեծ տղա դառնամ, շատ անասուններ եմ պահելու՝ կովեր, ձիեր, ոչխարներեր, ու հարուստ կլինեմ: Միսը կխորովեմ, կաթ ու մածունն էլ կծախեմ»:

Չնայած քարուքանդ ճամփաներին, Արամիկն իր գյուղը շատ է սիրում. «Միշտ կուզեմ մեր գյուղում ապրեմ, կուզեմ մարդիկ ժպտան ու իմ մաման միշտ ժպտա: Որ մարտի ութ  էր, ես իրեն բացիկ նվիրեցի իմ պատրաստած ու ցանկացա՝ երկար կյանք, չար աչքից հեռու: Բայց չգիտեմ, թե չար աչքն ինչ ա, մեծերն այդպես են ասում»:

Արամիկի մասին պատմող պատկերապատումը

Պատկերապատումը` Շամիրամ Խաչատրյանի

Պատրաստված է «Կյանքը սահմանի եզրին» նախագծի համար